ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հակասական ժամանակների բարդ ճակատագրով գեներալը

Հակասական ժամանակների բարդ ճակատագրով գեներալը
03.05.2023 | 20:41

Ուկրաինայի, Ուզբեկստանի ԽՍՀ-ների պետանվտանգության ժողովրդական կոմիսարիատները գլխավորելու կողքին եթե հավասարության սկզբունքով դիտարկում ենք նաև Վրաստանի մաս կազմած Աբխազիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ՆԳԺԿ-ի թիվ մեկ դեմք լինելը, ստացվում է, որ առանձին վերցրած մեկ երկրի պետանվտանգության համակարգի պատմության մեջ խորհրդային անվտանգության գեներալ-լեյտենանտ Հմայակ Քոբուլովը երեք հանրապետության համապատասխան կառույց ղեկավարած միակ գործիչն է։

Զբաղեցրած դիրքով նախորդ երեքի համեմատ էապես ցածր է Գագրայի անվտանգության քաղաքային կառույցի պետի պաշտոնը (1938), սակայն երբ նկատի ենք առնում, որ այստեղ էր գտնվում Խորհրդային Միության թիվ մեկ դեմքի՝ Իոսիֆ Ստալինի ամառանոցը, ակնհայտ է դառնում, թե ինչ կարգի վստահության բոնուս է ունեցել Հմայակ Քոբուլովը ԽՍՀՄ քաղաքական ղեկավարման ու անվտանգության համակարգի կառավարման վերին օղակներում։ Միջանկյալ նշենք, որ կաևորագույն այս օբյեկտի պաշտպանության իրականացման մեջ ընդգրկված է եղել շուրջ 300 աշխատակից։

Սակայն հիշատակված ու Հմայակ Քոբուլովի կենսագրական այլևայլ փաստերի կողքին նույն համակարգում նրա անձի ու գործունեության ընկալումն այնքան էլ միանշանակ չէ, և դա էապես կապված է նաև նրա ավագ եղբոր՝ Բոգդան Քոբուլովի անվան հետ, ով Բերիայի վստահելի անձանցից մեկն էր, Խորհրդային Միության պետանվտանգության 2-րդ կարգի կոմիսար, գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ պետանվտանգության ժողկոմի առաջին տեղակալ, ապա՝ արտասահմանում խորհրդային ունեցվածքի գլխավոր վարչության պետի՝ Գերմանիայի գծով տեղակալ, իսկ 1953-ի մարտից, արդեն ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ։

Հմայակ Քոբուլովը ծնվել է 1906 թվականին Թիֆլիսում, արհեստագործ Զաքար Քաբուլյանի ընտանիքում։ Ավարտել է տեղի հնգամյա առևտրային դպրոցը։ 1921 թվականին նա կարմիր բանակի շարքերում էր, ծառայությունից հետո աշխատանքի է անցել մի շարք հիմնարկներում։ 1926 թվականին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական բուհին առընթեր կոոպերատիվ դասընթացները, որից հետո կրթակական այլ հաստատության հիշատակում չկա նրա կենսագրությունում։

1927թ․ նա հայտնվում է Անդրկովկասյան ֆեդերացիայի պետանվտանգության համակարգում։ 1934-1939 թվականներին զբաղեցրել է վերևում հիշատակված հանգուցային պաշտոնները:

1939-1941 թվականներին Հմայակ Քոբուլովին է վստահվել Գերմանիայում ԽՍՀՄ լիազոր ներկայացուցչության քարտուղարի, առաջին խորհրդականի պաշտոնները։ Գործելով «Զաքար» ծածկանվան տակ՝ Բեռլինում գլխավորել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մշտական գործակալության ցանցը։ Ի դեպ նա առաջիններից էր, եթե ոչ առաջինը, ով ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությանն իրազեկեց խորհուրդների երկրի դեմ ֆաշիստական Գերմանիայի կողմից նախապատրաստվող հարձակման մասին: 1940-ի առաջին օրերին, Բեռլինում, Հիտլերի մտերիմ բարեկամ Հոֆմանի լուսանկարչատան մոտով անցնելիս պատուհանից ներս նրա աչքովն էր ընկել վատ թաքցրած մի քարտեզ, որտեղ կարմիր կետերով նշված էին Մերձբալթյան երկրները, Բելառուսիան ու Ուկրաինան։

1941 թվականին նա հետ է կանչվել արտասահմանյան գործուղումից, նշանակվել Ուզբեկստանի պետանվտանգության ժողկոմ, ՆԳ ժողկոմ։

1945-1953 թվականներին Հմայակ Քոբուլովը ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի ռազմագերիների և ներկալվածների գործերով գլխավոր վարչության պետն էր (միաժամանակ եղել է ատոմային ռումբի վերաբերյալ հետախուզական տվյալների կորզման գծով կառույցի ղեկավարը)։

Խորհրդային Միության պետանվտանգության 3-րդ կարգի կոմիսար (1943), գեներալ-լեյտենանտ (1945), 1932թ․ՀամԿ(բ)Կ անդամ Հմայակ Քոբուլովը Կարմիր դրոշի քառակի (1940, 1943, 1944, 1944), Աշխատանքային Կարմիր դրոշի (1942), Կարմիր աստղի (1944), Կուտուզովի 2-րդ աստիճանի (1945) շքանշանակիր է, բազմաթիվ մեդալների ասպետ։ Եղել է «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» (1937), «ՆԳՆ վաստակավոր աշխատակից» (1948)։

ԽՍՀՄ անվտանգության համակարգին ու առհասարակ երկրին մատուցած այս կարգի ծառայություններով հանդերձ Հմայակ Քոբուլովը 1953թ․ հուլիսի 27-ին ձերբակալվեց ու 1954թ․հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի կողմից դատապարտվեց մահապատժի։

Հուսանք, որ պատմությունը երբևիցե վեր կհանի նրա նկատմամբ իրականացված վճռի արդարացի կամ անարդարացի լինելը, սակայն գոնե այս պահի դրությամբ փաստ է, որ նրա ճակատագրի այսօրինակ դասավորման գործում բացառիկ է եղել հանրահայտ Բերիայի հետ Քոբուլով եղբայրների հետ ունեցած սերտ կապը, նրա հետ համագործակցված աշխատելը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 6542

Մեկնաբանություններ